Դահլիճը գեղեցիկ վերանորոգված էր, ձայնային հնարավորություններն այնքան էլ հարուստ չթվացին, բայց կարևորը, որ բոլոր նստատեղերն ունեին իրենց փոփ քոռնի ամանների անցքերը: Ցավոք այս ընթացքում ոչ մի անգամ ես չլսեցի, որ ինչ-որ դասական կամ ժամանակակից հեղինակային կինո ցուցադրվի, այսինքն կինոներն էլ փոփ քոռնից այն կողմ չգնացին: Ցուցադրում էին այնպիսի ֆիլմեր, որոնք դիտելը ես համարում եմ ժամանակի կորուստ, էլ չեմ խոսում փողի կորստի մասին: Ինձ համար ավելի հաճելի էր շաբաթը մի անգամ ֆիլմեր դիտել Նարեկացի արվեստի կենտրոնում, Ազգային պատկերասրահի 9-րդ հարկի կինոդահլիճում, այսպես ասած՝ Մելիքի մոտ, ՆՓԱԿ-ի կինոակումբում, երբեմնի «Ժայռ» կինոակումբում, ժամանակ առ ժամանակ՝ Մոսկվայի տան կինոդահլիճում և այլուր: Ես կոմերցիոն կինոյին դեմ չեմ, որովհետև դա կարող է լիցքաթափման լավ միջոց լինել: Բայց ինձ դուր չէր գալիս, որ կոմերցիոն, դյուրամարս, մտածելու օրգանները անգործության մատնող կինոները իսպառ դուրս են մղել այլախոհ, հեղինակային կինոն, որը չի տեղավորվում Ամերիկյան կինոյի ստանդարտներում: Ի դեպ, որոշակի արժեք ներկայացնող բազմաթիվ ֆիլմեր կան, որոնք ևս կարող են կինոդահլիճներ լցնել, միայն թե պետք է ճիշտ կազմակերպել PR-ը: Ու հիմա լրիվ մի կողմ է դրվել այն գաղափարը, որ արվեստը պետք է կրթի մարդուն, դարձնի ավելի ազնիվ, բարի, իմաստուն, խաղաղասեր ու հայրենասեր (ես չեմ խոսում կինոյի միջոցով քարացած գաղափարախոսություն տարածելու մասին): Կարծում եմ, խնդիրը քաղաքականության մեջ է: Ամերիկյան կինոն զավթել է աշխարհի կինոթատրոնները, որովհետև ինտելեկտուալ կինոն քիչ լսարան ունի, դրանով հնարավոր չէ փող աշխատել, որովհետև մարդկանց ուղղորդել են այլ ուղղությամբ: Բայց եթե վաղը մի քանի գլամուռ տպեր կամ պետական գործիչներ հայտարարեն, որ, օրինակ, Ֆռունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը համաշխարհային մեծության ֆիլմ է ու դա իրենից նորարարություն է ներկայացնում՝ հաջորդ օրը Հայաստանի կեսը կկուտակվի հանրապետության հրապարակում՝ մեծ էկրանի վրա այդ ֆիլմը դիտելու: Նման իրավիճակից խուսափելու համար պետք է երեխաները դպրոցական հասակից ծանոթանան դասական երաժշտության, նկարչության պատմության, արժեքավոր քանդակների նմուշների հետ, որ ականջներն ու աչքը սովորի գեղեցիկին, ազնիվին, որ ռեստորանում պարային երաժշտության տակ պարելիս ոչ թե մտածեն, թե հերոսություն են անում, այլ հասկանան, որ իրենք պարում են անորակ երաժշտության տակ: Այդ դեպքում կամաց-կամաց արդեն նույնիսկ Սերգեյ Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմը դիտելուց հետո նրանք չեն ասի՝ ոչինչ չհասկացա, որովհետև դա հասկանալու ֆիլմ չէ, դա զգալու կինո է:
Այդ առումով մեծ հույսեր եմ կապում նորից վերաբացվող Նաիրի կինոթատրոնի հետ, որտեղ հստակ ռազմավարություն կա մշակված թե’ եկամուտ ապահովելու, և թե’ հասարակությանը կինոյի միջոցով կրթելու համար: Նաիրի կինոթատրոնի լիարժեք ծրագիրը հունի մեջ կմտնի 2012-ի հունվարից, երբ արդեն պայմանագրեր ձեռք կբերվեն CentralPartnerShip ու Paradis ընկերությունների հետ: Իսկ մինչ այդ հիմնականում կցուցադրվեն Խորհրդային կինոյի օրինակներ 35մմ ժապավենով, հարևան երկրների ֆիլմեր: Համաշխարհային կինոշուկայից այս տարի քիչ ֆիլմեր կցուցադրվեն: Իսկ 2012-ից ծրագիրը այսպիսի տեսք կունենա. Ամեն օր 21:30-ին կցուցադրվեն պրեմիերաներ՝ 1500 դրամ տոմսի արժողությամբ: Ժամը 19:30-ի ծրագրում շաբաթվա տարբեր օրերի կլինեն տարբեր խորագրերով դիտումներ՝ Համաշխարհային կինոյի վարպետները, Հայկական նոր ֆիլմ, Համաշխարհային կինո, Ֆիլմեր խորհրդային կինովարձույթից, Հարևան երկրների ֆիլմեր, Արևելքի ֆիլմեր, Կինովարձույթի արքաները: Կարծում եմ ամեն ճաշակի տեր մարդ կգտնի իր հետաքրքրություններին համահունչ որևէ օր կինոթատրոն այցելելու համար՝ 1000 դրամով: Ժամը 17:30-ի սեանսին կլինեն հայկական նոր ֆիլմեր 500 դրամով: Հիմա ամենակարևորի մասին՝ ժամը 15:30-ի ու 13:30-ի կցուցադրվեն դպրոցական ծրագրի ֆիլմերից, 11:30-ին էլ՝ ֆիլմեր երեխաների համար. բոլոր 3 սեանսների մուտքը կլինի 500 դրամ: Կարծում եմ, նշված վերջին երկու ծրագրերի ֆիլմերի ընտրությունից է կախված, թե ինչ չափանիշներով կմեծանան երեխաները, ինչպես կընկալեն արվեստ հասկացողությունը նրանք: Շատ կարևոր է, որ գոնե հիմա սկսեն խրախուսել ոչ միայն ճշգրիտ գիտություններով զբաղվողներին, այլև հետևողականորեն մարդկանց մեջ ներարկեն խորը, գեղագիտական արժեքներով հարուստ արվեստը հասկանալու գաղափարը: Ի վերջո, երեխաները վաղվա որոշում կայացնողներն են լինելու, ու եթե նրանք էլ մեծանան մակերեսային, «ինտերակտիվ» արժեքներով, որպես բացարձակ ճշմարտություն, ապա մշակույթի ոլորտում կշարունակենք ունենալ այն վիճակը, որ կա այսօր՝ բացառապես փողի սկզբունքով:
Եթե հետաքրքրեց Նաիրիի ճակատագիրը, ապա կարող եք լսել Նաիրիի ծրագրերի պատասխանատու Հովհաննես Գալստյանի հարցազրույցը Հանրային ռադիոյի ՌադիոԱրտ ծրագրի եթերում՝ այստեղ:

Ես համոզված եմ որ կգա այն օրը որ բոլորը երազելու են ART HOUSE դիտելու մասին, միայն էդ տիպի ֆիլմերն են լինելու պահանջված, որովհետև երկրագնդի առանցքի տեղաշարժը ազդելու է նաև մարդկային ուղեղի վրա, մարդու համար պարանորմալ, աբստրակտ մտածողությունը դառնալու է ընկալելի և պահանջելի: Առաջ դեպի աբստրակտ մտածողության օղակը այո գուցե և առտ հաուզի օղակի միջոցով: Ում է հարմար սահմանափակ մտածողությունը: Պրիմիտիվ մարդը հեշտ կառավարելի է, պրիմիտիվ մարդու պահանջարկների օղակը սահմանափակ է: Եվ մշակույթի գորչի հիմնական և իմ կարծիքով հիմնական անելիքը մտածողության սահմանները ընդլայնելն է:
Սեգ ջան, ուրախ եմ, որ դու մեկն ես այն սակավաթիվ քո սերնդակիցներից, ով սիրում է նման ֆիլմեր: Լավ է, որ կան մտածող երիտասարդներ!!!
Ես երջանիկ եմ, որ կինոյի ասպարեզում ինձ ուղղորդողները կինոյից հասկացող են եղել, ես էլ ուզում եմ, որ էդ երջանկությունը շատերը զգան…:)
Լուս ջան բոլորիս պահանջարկների օղակն է սահմանափակ)) Ինչպես ասում են՝ ազատության զգացողությունը կախված է վանդակի մեծությունից, պետք է այդ վանդակը մեծացնել:)